Friday, June 3, 2011

ժամանակագրություն Կեսարի համար

Դու կկառուցես հզոր մի քաղաք: 
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն այլ քաղաքների, 
այլ քաղաքների, 
այդպես ժանտախտով հիվանդ առնետները 
վարակում են այլ առնետների և մարդկանց: 
Ամեն շնչավոր քո քաղաքում կփառաբանի քեզ, 
դու կլինես մեծարված, 
գովաբանված և մեծարված, 
ինքդ կսկսես արտասանել քո անունը՝որպես անծանոթ՝ դադարելով նկատել տարբերությունը կուռքի և 
մարդկանց միջև: 
Հավանաբար երջանիկ կլինես, 
Ինչպես ամեն տղամարդ կնոջ հետ, 
ինչպես այդ քաղաքի ամեն բնակիչ 
հավանաբար, գեղեցիկ կլինես, 
ինչպես ամեն մի կուռք՝ քարե դեմքով , 
ինչպես ամեն առյուծ, որ թռչում է կրակե օղակի միջով, 
և կկառուցես աշտարակը, 
կլինես հանդիսախաղերի արվեստի հովանավորը, 
և քո անունով կկոչեն ընտանիքներում 
յուրաքանչյուր յոթերորդ երեխային. 
Եվ մի՞թե մանրուք չէ, որ ստվերում աճում է բորբոսը, 
չէ՞ որ գործարանները իրենց ծխով երկնքում գրում են 
քո անվան սկզբնատառերը: 
Կավճե շրջանակը կփակվի, 
և գիշերվա քարանձավներում արդեն չեն նկարվի 
փրկարար պատկերները: 
Այժմ և հավիտյան՝ դու կդառնաս գերագույն քուրմը, 
իսկ առավոտյան՝ ինքդ քո մատուցողը: 
Դու կկանգնեցնես հզոր մի քաղաք, 
ինչպես մրջյուններն են կառուցում մրջնաբույնը, 
և կհասնես դու մինչ Ռումինիա: 
Եվ հաղթանակած զորքերի վերադարձի առիթով՝ 
անչափ ուրախություն կլինի բոլոր գրառումներում: 
Դա չի անցնի քո բնակության սահմաններից, 
բայց կեսօրից մինչև կեսգիշեր 
դու կկառուցես հզոր մի քաղաք, 
քաղաք-սիրտ, քաղաք -հիշողություն, 
քաղաք- անփառունակություն: 
Մարդու քաղաքը կդառնա մարդ- քաղաք, 
և կսկսեն պաշտպանել քեզ ինչ որ մարդիկ՝ 
այլ մարդկանցից, 
մթությունները՝ մթություններից, 
շները՝ շներից, 
երեխաները՝ երեխաներից, 
կանայք, սակայն, նույն ձևով կքնեն 
տղամարդկանց հետ, 
իսկ պացիֆիստները կկոչեն խաղաղության: 
Հավատում եմ, որ կմեռնես դու՝հավատալով, 
թե կառուցեցիր քաղաքը: 
Հավատում եմ, որ դու կառուցեցիր քաղաքը: 
Հավատում եմ քեզ և քաղաքին: 
Իսկ այժմ, այո, ես հավատում եմ, 
այժմ ես գիտեմ, որ դու կանգնեցրիր քաղաքը: 
Ave, Cezar.. 

No comments:

Post a Comment