Friday, June 3, 2011

Appel Rejete

Սա շեղբի կանխազգացումը չէ, որ կանջատի 
ինձ ինձանից, 
և ոչ վստահություն նրանում, որ հետո կլինի ոչ այնպես, 
ինչպես մենք ենք պատկերացնում: 
Թող կատարվի այն ամենը, 
ինչ պետք է կատարվի, և բավական է: 
Սակայն, թող բոլոր մարդիկ քնեն այդ ժամին, 
իսկ խոլ պատերով շրջապատված բակը 
արշալույսին կգան միայն հանդիսատեսները` 
արյան ծարավ, 
և նրանց ձայները կխլացնեն աղմուկը իմ արյան, 
թող իսկապես չլինի ո’չ մարդը, ո’չ ծառը, 
ո’չ էլ` արևը պատուհանում, 
որովհետև պատուհան չի լինի, 
թող ամեն ինչ կատարվի խավարում անաչք, 
թող բոլոր մարդիկ քնեն խաղաղ, 
երբ նրանց մի մասնիկը անջատում են իրենցից: 
Ո’չ, ո’չ, մահապատժի կանխազգացում չէ դա 
և ոչ էլ` մահվան սարսափի, 
որ կքայքայի նյարդերը իմ, ինչպես գոտիները, որոնցով 
ես կապված կլինեմ. 
կանխազգացում չէ ակնթարթի` 
հավերժություն թվացող, 
թե կիջնի գիլյոտինի եռանկյուն դանակը, 
ոչ հյուսի, թե կարող է պատահել` 
ամեն ինչ անավարտ կմնա հետո. 
ո’չ, ո’չ էլ ճիչը, որ ակամա պատռում է բերանն իմ: 
Ես մտածում եմ թմբուկների, հանրային 
մահապատժի մասին, 
և այն մասին, թե ինչպես կանցնեմ երկու մոխրագույն 
շարքերի միջով` 
իմ արյանը ծարավ, իմ անունն անիծող, 
խելագար- աչքերի և եղունգ - գայլերի մասին, 
և’ մարդկանց մասին, և’ արևի, որ չհոգնող 
հանդիսատես է տարբեր տեսարանների, 
և ինչ-որ մեկի` հերոս դառնալու հնարավորության մասին, 
և ուզում եմ հավատալ, որ 
ահա այս փակ պատուհանից այն կողմ 
ինչ-որ մեկը աղոթում է կամ արտասվում, 
և ես այդ ինչ-որ մեկի հետ ամբողջացած եմ, 
զոհ եմ մյուս զոհերի հետ, 
և բաժանված եմ հազարավոր կտորների: 
Ո’չ, այդ իմ մահվան ժամը չէ’, 
դեռ պարանոցս մերկացված չէ դահճի առաջ: 

No comments:

Post a Comment